Մյունխենում փետրվարին սպասվող անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի սպասվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն, անդրադառնալով բանակցություններին շեշտեց, որ սեղանին որևէ փաստաթուղթ չկա:
Նա նշեց, որ բանակցությունների առումով ամեն ինչ թափանցիկ է, Ալիևի հետ փակ սենյակում խոսել է այն մասին, ինչն ամրագրվել է Արցախում 2019-ի մարտին կայացած անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ, որտեղ ուղենշել է բանակցային գործընթացում քննարկումների շրջանակը:
«Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք»,-նկատեց նա։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի շարք պատճառներով այս շրջանն արդյունավետ չի օգտագործվել։
«Ադրբեջանից այնպես էլ չի հնչում համարժեք պատասխան իմ հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, և դա կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Մեր մոտեցումը կառուցողական է, մենք պետք է կարգավորենք ԼՂ հիմնախնդիրը: Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, դա բարդ աշխատանք է, բայց դա մեր պատասխանատվությունն է: Պատվով այդ պատասխանատվության տակից դուրս գալը բարդ գործ է, բայց վարչապետի կամ նախագահի գործը հեշտ չի լինում»,- ասաց Կառավարության ղեկավարը: