ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Օրինագիծը ընդունվել է 77 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ԱԺ 3 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։
Նախագծով նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար:
Ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը: