Ոչ մի լուրջ փոփոխություն Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո սպասել պետք չէ։ Ղարաբաղյան հիմնախնդիրն այն փուլում չէ, որպեսզի կարգավորում սպասենք կամ բանակցությունների խզում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Փորձագետի խոսքով՝ հակամարտության կարգավորման վերջին փորձը գրանցվել է Կազանում 2011-ին, ինչից հետո իրականացվում է միայն հակամարտության մենեջմենթ, իսկ սկսած 2016-ից՝ լարվածության մակարդակը սահմանին նվազել է, ինչի մասին վկայում է այն փաստը, որ զոհերի թիվը նվազել է նախկինի համեմատ, և դա նույնպես համարվում է ստատուս-քվոյի փոփոխություն։
Անդրադառնալով Բրատիսլավայում բանակցություններին՝ քաղաքագետը նկատեց, որ ոչ մի լուրջ փոփոխություն այդ հանդիպումից հետո սպասել պետք չէ՝ ելնելով մինչ այդ կողմերի տարածած հայտարարություններից։
«Կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնք նորից չեն համընկել, և նորից անդրադարձել են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հարցին։ Այստեղ կարելի է ընդգծել այն, որ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է վերադարձնել իր երկու բանտարկյալներին, որոնք նստած են ղարաբաղյան բանտում՝ հաշվի առնելով այն, թե որքան հաճախ է Բաքուն խոսում գերիների փոխանակման մասին «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։ Բայց հայկական կողմի համար նման տարբերակն անընդունելի է»,- ասել է նա։
Իսկանդարյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նորից հայտարարել է, որ բանակցությունները վարվում են երեք հայտնի սկզբունքների հիման վրա, իսկ Արցախի ճանաչումը պետք է դառնա բանակցությունների եզրափակիչ կետը, ուստի բոլոր տարբերակները մնում են «սեղանին», և դրանք բոլորը պետք է քննարկվեն հայտնի ձևաչափով։
Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ թեժացման պետք է սպասել միշտ, բայց իսկական պատերազմ, այսինքն՝ ավելի լուրջ մարտական գործողություններ չարժե սպասել, քանի որ դրա համար կողմերից մեկը պետք է ունենա գոնե 60 տոկոս վստահություն, որ հաջողության կհասնի։
«Այդ տոկոսը այսօր հավասար է զրոյի։ Բացի այդ, Հայաստանին պետք չէ պատերազմ ոչ մի ձևով, քանի որ չկա մոտիվացիա և չկան նպատակներ։ Ադրբեջանն, իր հերթին, հասկանում է, որ չի բացառվում, որ պատերազմը կհանգեցնի նոր տարածքային կորուստների հենց Բաքվի համար, ինչպես նաև բազմաթիվ զոհերի ադրբեջանական բանակում»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ։ Դրանից հետո ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի 26-րդ համաժողովի ընթացքում Սլովակիայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հայտարարեց, որ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության թեժացման իրական սպառնալիք։