ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը։
ՀՀ ՍԴ-ն որոշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63, 68 հոդվածներին հակասող և անվավեր համարել այն։
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ երկու դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: