Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։
Խորհրդակցությունից հետո երկու հայկական պետությունների արտաքին գերատեսչությունների զեկավարները հանդես են եկել ճեպազրույցով:
Ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախյան այցը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հավաքի եզրափակիչ փուլն է: «Շատ խորհրդանշական է, որ մենք դեսպանահավաքը ավարտում ենք Արցախում: Այն տարբեր առումներով կարևորություն ուներ:
Առաջինը այսօր լինել Արցախում և միասին տոնել 28-րդ տարեդարձը: Մյուս կարևոր հարցն այն է, որ մենք նպատակ ունեինք օգտագործել այս առիթը ամրապնդելու և խորացնելու երկխոսությունը Արցախի ԱԳՆ անձնակազմի հետ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիների համար սա աննախադեպ խորհրդակցություն էր. «Նման վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 16 տարի առաջ` 2003թ.: Մենք շատ օգտակար քննարկում ունեցանք: Արտերկրում աշխատող մեր գործընկերները ևս բարձր են գնահատել այս խորհրդակցությունների արդյունքները, որովհետև նրանք լիցքավորված են վերադառնալու իրենց հյուրընկալ երկրներ և շարունակելու են պաշտպանել հայկական շահերը»:
Նախարարները պատասխանել են ՀՀ և ԱՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման, Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերու հետագա ճակատագրի, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների և ընդհանրապես Սփյուռքի կառույցների հետ համագործակցության մասին հարցերին: