ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 21 -ին առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ Դեվիդ Փրայսի հետ:
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնում է ԱՄՆ -ում ՀՀ դեսպանությունը, Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանի Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար:
Դիվանագետը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը`այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին աջակցության համար:
Լիլիթ Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: