Քանի դեռ մենք այստեղ կորցնում ենք հաշիվը, թե հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք են խոցել ՀՀ ԶՈՒ-ը, որոնցից միայն մեկն արժեր 30 մլն դոլար, ադրբեջանցի «ընկերները» որոշել են պարտքի տակ չմնալ և ռազմական անհաջողություններին պատասխանել «շուկայական» հաջողություններով։ Ի դեպ, հայկական ծիրանի դեմ անխնա պայքարի «ռազմավարական գործողությունը» միայն կարճաժամկետ բարոյական բավարարվածություն բերեց դրա հեղինակներին։
Պատճառն այն էր, որ հայկական ծիրանի խնդիրը, որը ռուսական շուկաների ադրբեջանցի սեփականատերերը հրաժարվել են ընդունել և վաճառել, լուծվել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Կալուգայի խճուղում գտնվող «Ֆուդ սիթի» սննդի շուկայի ղեկավարությունը, որոնք ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են, հրաժարվել են ընդունել հայկական ծիրանը։
Բացի Սամվել Կարապետյանից՝ այս պատմությունը կենդանի արձագանք է գտել սոցիալական ցանցերում, և Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, օգնել և տեղեկացրել են, թե որտեղ և ինչպես կարելի է ձեռք բերել ընտիր հայկական միրգը՝ արտոնյալ գնով։ Մոսկվայում արված այսօրվա լուսանկարները ակնհայտորեն ցույց են տալիս դրա գնման համար առաջացած հերթը։
Ինչպես հաղորդվում է՝ ծիրանով բեռնատարները կկայանեն «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում՝ Մոսկվա, Դմիտրովսկի 165 և «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնում՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 32-րդ կմ-ի (արտաքին կողմը) հատվածում:
Դե ինչ կասես, չնայած արևելյան հարևաններն ուզում էին լավ՝ ստացվեց ինչպես միշտ։ Իսկ ամենալավը ստացվեց հայկական ծիրանի վաճառքը, որը ոչ պակաս կարևոր է, անվճար գովազդվեց։