Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ և ավտոմեքենաներ։ Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100, վիրավորվել 4000 մարդ, աղետի գոտի ճանաչված Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հնարավոր պատճառների, դրա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հետևանքների մասին Armenia Today-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
-Պարո՛ն Գրիգորյան, պայթյունի վերաբերյալ ի՞նչ հիմնական վարկածներ են շրջանառվում, ո՞րն է առավել իրատեսական։
-Այս պահին շրջանառվող հիմնական վարկածներն են՝ ծայրահեղականների կողմից ահաբեկչության, ներքին խնդիրներ՝ իբր ներկայիս իշխանություններն են սա կազմակերպել երկրի ներսում ինչ-որ խնդիրներ լուծելու համար, մեկ այլ վարկածով՝ Իսրայելի օդուժն է հարվածներ հասցրել, Հեզբոլլահի զինանոցն է պայթել, իսկ առավել հավանական վարկածը, որին հակված են ներկայիս իշխանություններն ու բազմաթիվ փորձագետներ, այդ թվում և ես, այն է, որ անփութության հետևանքով պայթել են պահեստում գտնվող մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր (տեղի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ տեղի ունեցածի պատճառը եղել է 2015 թվականին մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի պայթեցումը)։
Վարկածը, որ այս հարվածն իրականացվել է արտաքին ուժերի կողմից, որոշ ուժեր փորձում են պայթյունի փաստն օգտագործել իրենց այս կամ այն նպատակների համար։ Դրան ավելանում է նաև Թրամփի արձագանքը, որը նշել էր՝ ռումբ է պայթել։ Այս փաստը Պենտագոնը հետո հերքել էր՝ նշելով, որ չգիտեն՝ ինչի մասին է նախագահը խոսում, և փաստեր չունեն այդ առումով, ու սա ավելի շատ է խառնում իրավիճակը։
Հիմա մենք տեսնում ենք, որ այս փաստը որոշ ուժային կենտրոններ փորձում են ուղորդել իրենց նպատակների համար։ Օրինակ՝ արևմտյան որոշ լրատվամիջոցներ նշում են, որ այստեղ նկատվում է Հեզբոլլահի ձեռագիրը, որոշ պրոշիական լրատվամիջոցներ խոսում են այն մասին, որ իսրայելական օդուժն է հարվածներ հասցրել։ Բայց կրկին նշեմ, որ պայթել է այդտեղ գտնվող ամոնիակային սելիտրան, որ որոշ լուրերի համաձայն՝ պայթել է եռակցման աշխատանքների արդյունքում թռած կայծի հետևանքով։
– Այս շաբաթ պետք է տեղի ունենա Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության տրիբունալը։ Տեղի ունեցածն արդյոք որևէ ազդեցություն կունենա՞ այս գործընթացի վրա։
-Քանի որ այժմ առաջին պլանում այն վարկածն է, որ տեղի ունեցածը անփութության հետևանք է, կարծում եմ՝ մեծ առումով չի առնչվում այդ գործի հետ, և չպետք է կապել այդ գործի հետ։ Հարիրիների առանձնատունը գտնվում է նավահանգստին մոտ և վնասներ կրել է։
Լիբանանյան իշխանություններն արդեն հետաքննություն են իրականացնում պարզելու մեղավորներին, և այդ իրադարձությունն ավելի շատ խոսում է ներլիբանանյան ընդհանուր սոցիալ-քաղաքական, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի թերացումների մասին։
-Սոցիալ-տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենա այս պայթյունը Լիբանանի համար՝ հաշվի առնելով, որ նախքան այս պայթյունը երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր վիճակում։
-Շատ բարդ հարց է՝ սա փորձություն կլինի նոր կառավարության համար։ Պանդեմիան, դեֆոլտը, նախքան այդ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրները, բանկային համակարգերի ճգնաժամը այս ամենի հետ մեկտեղ լուրջ սպառնալիք են Լիբանանի համար, և սա հաղթահարելը բավական լուրջ ջանքեր է պահանջելու։ Սա կլինի նաև փորձություն ներկայիս իշխանությունների` հատկապես նոր ձևավորված կառավարության համար թե՛ իրենց լեգիտիմությունը վերահաստատելու, թե՛ իրենց կարողությունը վերահաստատելու, որ կարող են այս խնդիրները հաղթահարել։
Ամեն դեպքում,այս պայթյունը լրացուցիչ ազդեցություն ունեցավ այդ իրավիճակի վրա, և շատ բարդ է ասել՝ ինչ գնով Լիբանանը կարող է հաղթահարել այս ամենը։
-Պայթյունը ի՞նչ հնարավոր հետևանքեր կունենա տարածաշրջանում հետագա զարգացումների վրա։
-Եթե պայթունը նկատի ունենանք, ապա չեմ կարծում՝ որ ազդեցություն կունենա։ Իսկ տարածաշրջանում ակտիվություն կա, և դա պայմանավորված է երկարատև հակամարտություններով։
Ինչպես գիտենք, Լիբանանն ավանդապես գտնվում է Սիրիայի ազդեցության տակ, իսկ սիրիական հակամարտությունը ընդհանրապես իր ազդեցութունն ունենում է ներլիբանանյան զարգացումներում, այսպիսի մի ասցված էլ կա, ասում են՝ «Սիրիայում, երբ փռշտում են, Լիբանանում հիվանդանում են»։
Լիբանանը պետք է ապացուցի, որ կայացել է որպես ինքնիշխան պետություն և ինքնուրույն կարող է լուծել իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։
Վարդուհի Մկրտչյան