Սևրի պայմանագրի 100-ամյա տարեդարձի շուրջ Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։
-100 տարի առաջ այս օրը Հայաստանը ստորագրեց Սևրի խաղաղության դաշնագիրը։ Որքանո՞վ էր կարևոր պատմական այդ փուլում Սևրի դաշնագրի կնքումը։
-Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ էր ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր։ Այն ժամանակ Սևրի պայմանագիրը լուծում էր տալիս Թուրքիայի կողմից գործադրված հանցագործությունները պատժելու, հայերի բռնագրավված գույքը վերադարձնելու և նաև Հայաստանին բավական մեծ տարածք վերադարձնելու և որպես անկախ պետություն հնարավորություններ ընձեռնելու հարցերը։
Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությամբ հստակեցված սահմանները ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մենք համարում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական սահման։
-Հայկական հարցի լուծման տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ այսօր մենք կարող ենք ունենալ մեկ դար պատմություն ունեցող այդ փաստաթուղթից, և միջազգային իրավունքի տեսանկյունից որքանո՞վ են իրատեսական այդ ակնկալիքները։
-Պարզ է, որ այսօր հանկարծակի ինչ-որ բան չի կատարվելու և իրավիճակ չի փոխվելու, բայց այդ պայմանագիրը նաև կարելի է համարել աշխարհի կողմից հայությանը տրված պարտամուրհակ, որն ամենաարդար ձևով տալիս է հայկական հարցի, Հայ Դատի լուծումը։
Ի դեպ Սևրի պայմանագրի շատ բաժիններ, որոնք կապ չունեն Հայաստանի և հայության հետ, արդեն իրականացվել են։ Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն միջազգային իրավունքին համապատասխանող այն փաստաթղթերն են, որոնք բավարարում են Հայաստանին՝ հայկական հարցն արդար ձևով լուծելու տեսանկյունից։
Համոզված եմ, որ գալու է Թուրքիայի կազմաքանդման օրը, և Հայաստանի ուժեղ լինելուց է կախված լինելու Սևրի պայմանագրի իրականացումը։
-Ինչո՞ւ է կարևոր մինչ օրս Սևրի դաշնագիրը մեր ուշադրության կենտրոնում պահելը։
-Հուսամ, որ ոք չի կարծում կամ ակնկալում, որ ամեն ինչ պետք է թողնենք այդ փաստաթղթի հույսին և զբաղվենք միայն այդ հարցով, բայց նաև կարևոր է տեր կանգնել պաշտոնական, միջազգային փաստաթղթերում ամրագրված մեր իրավունքներին։
Այդ իսկ առումով կարևոր է ցույց տալ, որ Սևրը մոռացված չէ և այսօր ևս կարող է լուծում բերել հայկական հարցին։ Եվ ուրեմն Սևրի պայմանագրի վերաբերյալ պետք է հետևողական ձևով խոսվի, որպեսզի լռությունը հանկարծ չմեկնաբանվի որպես Սևրի պայմանագրից և Վիլսոնի իրավարար վճռից հրաժարում։
Լուսինե Թևոսյան