Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից։ Վարակի տարածումը կանխելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հրապարակել է ուղեցույց։
Համաձայն ուղեցույցի՝ աշակետները դասերին պետք է ներկա գտնվեն դիմակներով, ախտահանիչ միջոցներով կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կփոխարինվեն վեցօրյա դասերով, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Մինչև 20 աշակերտ ունեցող դասարաններում ուսումնական գործընթացը կկազմակերպվի սոցիալական հեռավորությունը պահպանելով, իսկ այն դպրոցներում, որտեղ դասարաններում սովորողների թիվը գերազանցում է 20-ը, դասարանները պետք է կիսվեն խմբերի և դպրոց հաճախեն հերթափոխով՝ շաբաթական 3 օր։
ԿԳՄՍ նախարարության առաջարկած ուղեցույցով դասապրոցեսի կազմակերպման, դասերին դիմակների պատադիր կրման ու դասապրոցեսին հնարավոր դժվարությունների առաջացման մասին Armenia Today-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
– Աշակերտները պետք է դասերին ներկա լինեն դիմակներով։ Պարո՛ն Խաչատրյան, դիմակների կրումն ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել։
-Դիմակները կրումը դասերի ընթացքում որոշակի խնդիրներ, անհարմարություններ զուտ կրթական տեսանկյունից ստեղծելու է, քանի որ ուսուցիչն անընդհատ պետք է հետևի՝ արդյոք երեխաները պատշաճ կերպով կրում են դիմակը, դիմակերը չեն հանում կամ գցում գետնին ու նորից վերցնում, կրում և այլն։
Հնարավոր է նաև, որ դասի ժամին երեխաներն անհարմար զգան դիմակով, բայց մյուս կողմից ապացուցվել է, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը։ Պետք է գտնել այն տարբերակը, որ ո՛չ առողջապահական, ո՛չ կրթական առումով չտուժենք։
-Համաձայն ուղեցույցի՝ աշակերտները դասամիջոցին դուրս չեն գալու դասասենյակից, միմյանց պարագաներ չեն փոխանցելու, պետք է նվազեցվի նաև նրանց միջև շփումները։ Որքանո՞վ է հնարավոր նվազեցնել ու վերահսկել երեխաների միջև շփումները, դասամիջոցին դասասենյակներից դուրս գալը չթույլատրելը ու այդ գործընթացը վերահսկելը։
-Դասամիջոցները դասապրոցեսում կարևոր են երեխաների լիցքաթափման, հանգստի համար, սակայն հասկանալի է, որ նախկինում անցկացվող դասամիջոցների պես չի կարող լինել։ Պարզապես պետք է գտնել ոսկե միջինը։ Դասամիջոցներին երեխաներին դասասենյակում պահելը դժվարացնելու է ուսուցիչների աշխատանքը։ Ավելի ճիշտ կլինի, որ որոշակի սահուն գրաֆիկով դասամիջոցներ լինեն, դա նաև երեխաների մոտ կզարգացնի այն հմտությունը, որ մի փոքր լուռ լինեն, երբ մյուս դասարաններն այդ պահին դաս են անում, նրանց չխանգարեն։
Առաջարկում եմ՝ նույն հարկի վրա գտնվող տարբեր դասարաններ տարբեր ժամերի անեն դասամիջոցը, որպեսզի երեխան դուրս գա դասասենյակից, քայլի՝ պայմանով, որ այդ ընթացքում աղմուկ չի անի։ Կարծում եմ՝ այդպես հնարավորություն կունենանք նաև մեր երեխաների մոտ զարգացնել այն հմտությունը, որ հարգեն մյուսներին ու լռություն պահպանեն։
-Երկրորդ հերթով դասերի կազմակերպումն ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել աշակերտների ու ուսուցիչների համար։ Դա ինչպե՞ս կազդի կրթական պրոցեսի արդյունավետության վրա։
-Երկրորդ հերթը խնդրահարույց է ու ոչ արդյունավետ, բազմաթիվ դպրոցներ չեն էլ կարողանալու երկրորդ հերթով դասերը կազմակերպել։ Երկրորդ հերթի արդյունքում ուսուցիչները շատ կհոգնեն, այստեղ միայն գումարի, լրացուցիչ վճարի խնդիր չէ, կա նաև ֆիզիկական բեռնվածության խնդիրը՝ ուսուցիչը չի կարող այդքան երկար պարապել, դա անշուշտ կազդի ուսուցման որակի վրա։
-Դասերին աշակերտները չեն մոտենա գրատախտակին։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա դասերի մատուցման վրա, արդյոք դասերը չեն տուժի՞։
-Որոշ առարկաների վրա առանձնապես չի ազդի, իսկ որոշ առարկաների վրա լուրջ ազդեցություն կունենա։ Կան առարկաներ, որոնք գրատախտակի հետ աշխատանք այդքան էլ չեն պահանջում, իսկ որոշ առարկաներ՝ օրինակ մաթեմատիկան, աշխարհագրությունը, շախմատն այն առարկաներն են, որոնք գրատախտակի հետ աշխատանք են պահանջում։
-Համավարակի սկզբնական փուլում գործարկվեց ուսուցման հեռավար տարբերակը։ Արդյոք ուսուցման հեռավար տարբերակը կարո՞ղ է ներդրվել սովորական ռեժիմով դասապրոցեսում։
-Իրականում խառնուրդային ուսուցումը լավ տարբերակ կլինի, կարծում եմ՝ դա լավ լուծում կլիներ։ Պարզապես հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը լիարժեք է դառնում և հեռավար ուսուցման համար ժամանակ չեն ունենա։
Վարդուհի Մկրտչյան