ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ 2020 թվականի զեկույցը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է կատարում։ Հայաստանը բավական լուրջ վարկանիշներ է ձեռք բերել միջազգային ցուցիչներում, որոնք գնահատում են բիզնեսն ու ներդրումային միջավայրը։
Չնայած դրական փոփոխություններին՝ դեռևս բարեփոխումներ են անհրաժեշտ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենսդրական դաշտի բարելավման, պետական գնումների, հարկային, ներդրումային միջավայրում մտավոր սեփականության իրավունքի պաշտանության և մի շարք ոլորտներում։
Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի, ամերիկյան բիզնեսի համար Հայաստանի ներդրումային դաշտի գրավչության, ՀՀ-ում ներդրումներ կատարելու բարդությունների ու խոչընդոտների մասին Armenia Today-ը զրուցել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
– Պարո՛ն Միքայելյան, ըստ զեկույցի՝ որո՞նք են ՀՀ-ում ներդրումներ կատարելու առավելությունները, և ի՞նչ դժվարությունների կարող է ամերիկացի ներդրողը հանդիպել ՀՀ-ում։
– Զեկույցում ներկայացվում է, թե ինչ օրենսդրական միջավայր կա Հայաստանում, ինչ օրենսդրական ակտեր են ընդունվել վերջին տարիներին և ոչ միայն վերջին տարիներին՝ ներդրումային դաշտի բարելավման համար։ Ներկայացվում է, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչ պայմաններ են ստեղծվել ներդրումների համար։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ թավշյա հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ է եղել ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման մասով․ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված առաջընթացը, դիվերսիֆիկացիայի արդյունքում մրցակցային դաշտի ընդլայնումը Հայաստանը գրավիչ է դարձրել ներդրումների համար։
– Համաձայն զեկույցի՝ այդուհանդերձ, կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը օժանդակում է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, ավելին՝ Պետդեպը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում խորհրդական կվարձի։ Սա որքանո՞վ կնպաստի Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը ամերիկացի ներդրողների համար։
– Չեմ կարծում՝ կոռուպցիան էականորեն խանգարում է Հայաստանում ներդրումների իրականացմանը։ Իհարկե, որոշ ներդրումների կարող է խանգարել, բայց այնպես չէ, որ եղել են բավականին լուրջ ներդրումներ, և կոռուպցիան այդ ներդրումների իրականացմանը խանգարել է։
Ամերիկյան ներդրումներին Հայաստանում հիմնականում խանգարում է Ամուլսարի խնդրի չլուծված լինելը։ Զեկույցում նշվում է, որ Ամուլսարի խնդրի չլուծված լինելը ներդրողների համար բացասական ազդակ է Հայաստանի կողմից, ուստի չեմ կարծում, որ այս խնդրի լուծումը կապված է կոռուպցիոն դրսևորումների հետ, սակայն որոշակի առաջընթաց կարող է լինել, եթե ամերիկացի ներկայացուցիչներն աշխատեն Հայաստանի կառավարության հետ։ Այս դեպքում ԱՄՆ կողմից ավելի բարձր վստահություն կլինի Հայաստանի իշխանության նկատմամբ, և այո՛, կարող է դրանով ավելի բարձր ներգրավվածություն լինել Հայաստանի տնտեսությանը. այնուհանդերձ, մեծ ակնկալիքերի անհրաժեշտություն չկա։
– Զեկույցում ընդգծվում է, որ ՀՀ-ում կրթական ցենզը բարձր է, սակայն, դրան հակառակ, առկա է գործազրկության բարձր մակարդակ։ Այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային դաշտի գրավչության և տեղի կադրերին աշխատանքի ներգրավման վրա։
– Բավականին արագ փոխվում է մասնագիտությունների նոմենկլատուրան, և նոր մասնագիտություններ են ստեղծվում ու տարածվում. օրինակ՝ IT-ն։ Այս մասով արդեն ՀՀ-ում մասնագետների խնդիր է առաջանում, սակայն մենք ունենք նախորդ տեխնոլոգիական սերունդների համար կրթված բնակչություն, որն այս պահին գործազուրկ է։
Կրթության համադրությունն աշխատանքային շուկայի պահանջներին այսօրվա դրությամբ բավական չէ։
– Ըստ զեկույցի՝ Հայաստանում սպառման շուկան փոքր է ամերիկյան ընկերությունների լայն գործունեության համար, մյուս կողմից նշվում է, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր չկա, որի միջոցով հայկական ապրանքների արտահանումն ԱՄՆ կիրականացվի արտոնյալ ռեժիմով։ Ի՞նչ մեխանիզմներ կարող են առաջ քաշվել փոխլրացնող համակարգեր ստեղծելու համար։
– Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրվել է GSP համաձայնագիրը, որով ազատ առևտրին մոտեցված եղանակով հայաստանյան ընկերությունները կարող են բազմաթիվ ապրանքներ արտահանել ԱՄՆ։ Գուցե ամերիկյան ընկերությունները կցանկանային, որ հայաստանյան շուկան իրենց համար ավելի բաց լիներ, սակայն այստեղ պետք է նկատել, որ հայկական շուկան իսկապես փոքր է և ամերիկյան ընկերություններին մեծ օգուտ չի տա։
Այս խնդիրն իրականում Հայաստանի համար այդքան էլ մեծ ու լուրջ չէ. հայկական շուկայի փոքր լինելը հնարավոր չէ փոխել, մանավանդ հիմա՝ համավարակի պայմաններում․ տնտեսական անկումը խորացել է, և կունենանք մինչև 15 մլրդ դոլար ՀՆԱ ՝ այն էլ մի քանի տարվա ընթացքում։ Նույնիսկ եթե այն հասնի 20 մլրդ դոլարի, ապա որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա։
Հայաստանի լոգիստիկան, աշխարհագրական դիրքը, տնտեսական իրավիճակը չի փոխվելու, և այն, ինչ ներկայացված է այս զեկույցում, հիմնականում նկարագիր է և ստատիկ վիճակ։ Որոշակի կարգավորումներ կարող են բարելավվել, բայց Հայաստան ներդրումներ չեն գալիս ո՛չ թե օրենդրական կարգավորումների բացերի ու թերությունների պատճառով, այլ՝ այլ օբյեկտիվ գործոնների պատճառով։
Վարդուհի Մկրտչյան