Այն, ինչ որ անում ենք, ճիշտ ենք անում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմանը։
Նրա խոսքով՝ իրենց թիրախում գնաճի մակարդակն է և այս ուղղությամբ էլ այդ քայլին են գնացել։
«Մեր թիրախը գնաճի մակարդակն է։ Տոկոսադրույքների նվազեցման առաջնահերթ նպատակը՝ դիտարկում ենք գների կայուն մակարդակ ունենալը և մեր թիրախին հասնելը։ Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ նվազեցրել ենք տոկոսադրույքը և շարունակում ենք։ Այս անգամ 0․25 %-ի իջացրեցինք։ ԿԲ խորհուրդը նաև նշում է, որ մենք առաջիկայում ևս կարող ենք մեր դրամավակային խթանող քաղաքականությունն իրականացնել և խորացնել խթանման չափը»,- վերաֆինանսավորման դրույքաչափերի նվազեցման պատճառը ներկայացրեց Գալստյանը։
Ինչ վերաբերվում է տոկոսադրույքների նվացեման հնարավոր ազդեցությանը տնտեսության վրա՝ նշեց, որ ստեղծված անորոշ իրավիճակում մի քիչ դժվար է ակնկալել, որ այն միանգամից արտացոլում կստանան։
«Ֆինանսական գործիքների շուկայում, մասնավորապես, եթե մեր պետական պարտատոմսերի կորը նայեք, կտեսնենք, որ մեր իրականացրած քայլերից հետո, եկամտբերության կորը ևս որոշակի արձագանք ունի։ Շատ դժվար է ասել՝ վարկերի տոկոսադրույքներին վրա ազդեցություն սպասվում է։ Որովհետև դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքն ունիվերսալ գործիք է և տնտեսության բոլոր ոլորտների վրա համաչափ է ազդում։ Կան տնտեսության հատվածներ, որոնք շատ են տուժել համավարակի պատճառով, քան մյուսները։ Ուստի՝ մենք շատ ենք կարևորում հարկաբյուջետային քաղաքականությունը։ Ինչ վերաբերվում է վարկերի տոկոսադրույքներին, ապա հիմնական զսպող գործիքը, որ վարկերի տոկոսադրույքները չնվազեն, դա բիզնեսների հիմնական վիճակը և պահպանվող անորոշությունն է»,- շեշտեց նա։
ԿԲ նախագահի կարծիքով՝ Հայաստանում այս պահի դրությամբ այն բիզնեսները, որոնք ունեն առողջ տնտեսական իրավիճակ, բավականին ցածր տոկոսադրույքներով կարող են վարկավորվել։
Մարտին Գալստյանը նաև ասաց, որ կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրները շարունակում են պահպանվել։ Իսկ այս տարի ՀՆԱ-ի 6.2 % անկում են կանխատեսում։
Չնայած այս ամենին, ԿԲ նախագահը լավատեսական կանխատեսումներ ունի։ Ըստ նրա՝ հաջորդ տարվա համար 4.5-5 % տնտեսական աճ է կանխատեսվում։
«Ծառայությունները, որոնք այս տարվա ընթացքում նվազել են մոտ 6 %-ով, հաջորդ տարի 4.6 % -ով աճելու են, շինարարությունը -18% -ից վերադառնալու է + 9 %-ի, գյուղատնտեսությունը -1.1%-ից` 3.2 % -ի»,– հայտնեց Մարտին Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 %: