Նախորդ մեկ ամսվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ամենօրյա դեպքերի թիվը 200-ից պակաս է եղել՝ բացառությամբ մեկ օրվա, երբ հաստատվել էր 203 դեպք, սակայն վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն աճել է և միտումն անհանգստացնող է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայտնաբերման տոկոսը մեր մոտ բավականին բարձր է, ավելացել է իրականացվող թեստերի թիվը․ երեկ իրականացվել է 4319 թեստ, իսկ նախորդ օրը՝ 4135»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համավարակի ամենաբարդ շրջանում ոչ մի օր թեստերի թիվը 3000-ից չի անցել։
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումների մեջ նկատվում է նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 % է կազմել, ինչը մտահոգիչ է։
«Մեր վերլուծությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի և տեղաշարժի ակտիվացման հետ։ Առաջիկա երկու շաբաթվա ընթաքցում կտեսնենք, թե դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում, ինչպես է զարգանում կորը»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը աշնան ընթացքում նոր լարում չի առաջացնի։
Վարչապետն էլ նշեց, որ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք կա և դա դիմակի պահպանումն է։
«Այս առողջապահական հիմնարկները, որոնք նախկինում կորոնավիրուսային դեպքերն էին սպասրակում, հիմա անցել են աշխատանքի սովորական ռեժիմի, սակայն ցանկացած պահի պատրաստ են անցնել կորոնավիրուսայի դեպքերի բուժման և ցուցաբերելու են անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես իրականացրել են այս ողջ ընթացքում»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: