ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցած նիստում որոշեց «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի կողմից Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը՝ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար, տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին։
Ծրագրի շրջանակներում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն: Շինությունը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) հետազոտությունների լաբորատորիաներ, որոնք Թումո ծրագրի տրամաբանական շարունակություն են և հնարավորություն են տալու ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուն պես, ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը երիտասարդների համար առաջադեմ STEM էկոհամակարգի ստեղծման ներդրումային ծրագիր է, որի համար Եվրոպական միությունը հատկացրել է 12.5 միլիոն եվրո: Ծրագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝
-տրամադրել ժամանակակից կրթություն Հայաստանի STEM ուսանողներին և երիտասարդ մասնագետներին` պատրաստելով նրանց աշխատանքի շուկային և դարձնելով ավելի մրցունակ,
– ստեղծել հարթակ արդեն իսկ գոյություն ունեցող նախաձեռնությունների համար (աքսելորատորներ, ինկուբատորներ, համալսարան և արդյունաբերություն)` ապահովելով սիներգիա բոլոր շահառուների միջև: