Ես լուրջ չէի վերաբերվում մամուլում առկա այն կանխատեսումներին, թե խորհրդարանն ինձ չի ընտրի ՍԴ դատավորի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ նորընտիր անդամ Արթուր Վաղարշյանը։
Անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը՝ նա ընդգծեց, որ կօգտվի իր իրավունքից և չի հրապարակի իր կարծիքը։ Հարցին, թե ում օգտին սկզբունքորեն կողմ չի քվեարկի՝ նա պատասխանեց, որ ոչ թե անձի ընտրություն է կատարելու, այլ՝ տեսլականի։
Անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե նախորդ օրը նիստի ընթացքում քննարկվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը և ինքն ու Էդգար Շաթիրյանը չեզոքություն են պահպանել՝ նա պատասխանեց, որ դա կեղծիք է։ «Նման խոսակցություն չի եղել։ Մենք առաջադրում չենք արել, թեկնածություն չենք առաջադրել։ Ընդամենը ընթացակարգային հարցեր ենք քննարկել։ Ինձ համար էլ է անհայտ, թե ովքեր են ինքնառաջադրվելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն անձամբ դեռ ինքնառաջադրման հետ կապված որոշում չունի։
Դատավոր Երվանդ Խունդկարյանը նույնպես ասաց, որ դեռևս որոշում չունի ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվելու։ Դիտարկմանը, թե հիմնական պայքարն իր և Արման Դիլանյանի միջև է՝ նա ասաց. «Վստահ չեմ, որ տեղեկատվությունը ճիշտ է, որովհետև դեռևս որևէ առաջադրում կամ ինքնաառաջադրում չկա»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր շարունակելու է նախագահի ընտրությունը։ Նիստը կշարունակվի ժամը 11-ին։
Երեկ ՍԴ-ն այդպես էլ նախագահ չընտրեց. նիստի ընթացքում ՍԴ-ն անցում չէր կատարել նախագահ և փոխնախագահ ընտրելու օրակարգային հարցերին, քննարկման առարկա էին դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցերը, այդ թվում՝ լրատվամիջոցների դիմում-խնդրանքները՝ նիստը լուսաբանելու, սակայն բուռն քննարկումնեից հետո նպատակահարմար չէին համարել ընդունելու դիմում-խնդրանքը։ Այդուհանդերձ, նիստը ձայնագրվելու է։
Հիշեցնենք, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Քվեարկությունը փակ է։