Հայաստանն Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառումն ապացուցող փաստեր է հրապարակել:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Կասետային են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիդների հետքերը»։
Ավելի վաղ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում Ադրբեջանի կողմից արձանագրվել են կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Այս պահին էլ տարբեր ուղղություններով մարտական գործողությունները շարունակվում են։
Հակառակորդը թիրախավորել է Հադրութ քաղաքը։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Սմերչով հարվածում է Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ։
Նշենք, որ Կասետային զենքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։
Կլաստերային ռումբի ենթամթերքները հաճախ չեն պայթում ՝ գործնականում վերածվելով հակատանկային ականների: