«Առաջին օրից թիրախավորվում են քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու այնպիսի զինատեսակներով, որոնք արգելված են»: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծմանը։
Նա նաև նշել է, որ ԱԹՍ-ները, որոնք օգտագործվում են, հենց ավերածություններ առաջացնելու նպատակ են հետապնդում. «Գեղարքունիքի մարզի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք օգտագործում են ուշ ժամերի, որ մարդիկ տանը լինեն, չափազանց շատ վնասվեն»:
Ըստ ՄԻՊ-ի՝ թիրախավորվում են հատկապես խիտ բնակեցված բնակավայրերը: Միջազգային լրագրողներին և ոչ միայն թիրախավորում են, քանզի ուզում ե պատասխանատվությունը դնել ՀՀ-ի ուսերին:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: