«Մեր զինված ուժերն այս պահին մարտական գործողություններ վարում են և հաղթանակ տանում են կոնկրետ միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա»,- օտարերկրացի լրագրողի հարցին, թե Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, ո՞վ է աջակցում Հայաստանին, ի պատասխան նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը;
Ընդամենը 48 ժամում տասնյակ հազարավոր քաղաքացիներ շատ մեծ արագությամբ, շատերը՝ կամավոր, զինվորագրվել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ և մարտի են նետվել, և նրանց շնորհիվ ենք կռում մեր հաղթանակները՝ մանրամասնեց Հովհաննիսյանը։
«Մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք, մենք ինքնուրույն ենք մեր մարտական գործողությունները վարում և հաղթանակը տանում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։