Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ևս նախատեսված չէ։
«Այս առումով առօրյա աշխատանքներ են տարվում նախագահների հետ: Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին հայտարարության 4 կետերի մեջ»,-նշեց արտգործնախարարը։
Այդ կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է։ Նախարարն ասում է, որ այսօր դեռևս չեն հասել դրան։
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ երեք անգամ Ադրբեջանը խախտել է ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, որովհետև, ուղղորդվել է իր դերակատարի՝ Թուրքիայի կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին: Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։