Որքան չեն իրականանում ադրբեջանական հանրության ակնկալիքները, այդքան սաստկանում է թշնամու ինֆորմացիոն տեռորը մեր թիկունքում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը։
«Նույնիսկ շատ ազնիվ մարդիկ կարող են կոտրվել՝ կորցնելով հոգեկան հավասարակշռությունը: Էլ չեմ խոսում կանխատրամադվածների մասին: Նման օրինակներ տեսել ենք՝ ընդհուպ մինչև խելագարի պահվածք ու հիստերիա:
Այդ պատճառով եմ շարունակում պնդել, որ հոգեկան բալանսը պահելուն ուղղված ճիգերը, ցանկացած գնով, անհրաժեշտ են: Չէ որ դրանք համարժեք էլ չեն այն գերջանքերին, որոնք գործադրում է զինվորը ճակատում: Եթե գրագետ ու զուսպ լինենք թիկունքում, կընդդիմանանք ինֆորմացիոն տեռորին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։