Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է պատրաստել։
«Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար։ Արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։
Զեկույցում ներառվել են նաև Armenia Today-ի կողմից հրետակոծությունները փաստող լուսանկարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։