Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի կայքից։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են երկրի կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը, առանց որոնց հնարավոր չէ լուծել ծառացած խնդիրներն ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Դժվարին պահ է բոլորիս համար»,-ասել է նախագահը և հավելել․ «Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:
Նախագահը նշել է, որ 1994 թվականից հետո, երբ մենք իրապես հաղթանակ ունեինք, հիմա դժվարությունը կրկնակի է:
Արմեն Սարգսյանի խոսքով, եթե կան խնդիրներ, պահանջներ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է բոլոր հարցերը քննարկենք և լուծենք:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող՝ օրերս ստորագրված եռակողմ հայտարարության մասին հարցին, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր արդեն ռուսական խաղաղապահները տեղում են: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ»:
Հանրապետության նախագահն ասել է, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին: «Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է։ Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:
Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը: Հնարավորինս արագ պետք է վերականգնվի Մինսկի գործընթացը: Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին»,- նշել է Սարգսյանը։