Վերջին օրերին դրամը ժամ առ ժամ արժեզրկվում է։ Դրամի արժեզրկման և դրա տնտեսական հետևանքների թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։
– Պարոն Մանասերյան, դրամի փոխարժեքն անկում է ապրում: Նախ, ուզում ենք մեկնաբանեք՝ ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի նվազումը։
-Փոխարժեքի տատանումները կախված են մի քանի տասնյակ գործոններից՝ տնտեսականից մինչև քաղաքական։ Այս պարագայում կարելի է ասել, որ այդ գործոնները միախառնված են։ Եվ քիչ գործոններ կան, որոնք կարող էին նպաստել հակառակին։ Քանի որ ՀՀ-ն որդեգրել է լողացող փոխարժեքների կուրս, այդ պատճառով Կենտրոնական բանկը չի միջամտում առաջացած միտումներին և, ինչպես տեսնում եք՝ տատանումներն առկա են։
Դրա վրա ազդում է նաև համավարակը, գործարար աշխուժության նվազումը։ Ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային տնտեսությունը թևակոխում է խոր ճգնաժամ։ Երկրորդ կարևորագույն գործոնը ներքաղաքական ճգնաժամն է։ Դեռ սեպտեմբերից է ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային։ Երրորդ գործոնը տնտեսության ներսում առկա խնդիրներն են՝ անկախ համավարակից և քաղաքական զարգացումներից։
Երկար ժամանակ է՝ տնտեսությունը չի կառավարվում։ Նկատեմ, որ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոսվում էր, թե այդ շրջանակներում քայլեր են արվում, միֆ էր։
Փոխարժեքի վրա ազդող վերջին գործոնն էլ պատերազմական իրավիճակն էր։ Այդ պայմաններում որևէ երկրի չի հաջողվել խուսափել ազգային արժույթի տատանումներից։
– Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ տնտեսական այս զարգացումները: Քայլեր չձեռնարկելու դեպքում հնարավո՞ր է արժութային ճգնաժամ լինի։
– Ուղղակի կախվածություն կա տնտեսությունից։ Եթե արհեստավարժների ձեռքը չլինի, ցանկացած տեսակի զարգացումներ կարող են լինել։ Միայն կառավարման անարդյունավետ համակարգով կամ դրա չգոյությամբ չէին կարող պայմանավորված լինել արտարժույթի տատանումները։ Այնուամենայնիվ, բարեբախտություն է, որ մասնավոր հատվածի շնորհիվ, տնտեսության մեջ որոշակի աշխուժություն կա։ Դա պետության վարած տնտեսական քաղաքականության հետ առնչություն չունի։ Գործարարներն իրենք իրենց գործը հետևողականորեն կատարում են։ Սա բիզնեսի կանոններով է պայմանավորված։ Եթե կառավարությունում ֆինանսական բլոգը բաղկացած լինի արհեստավարժ մասնագետներից, ինչպես ԿԲ-ում են, որոնք շատ կարգապահ, կազմակերպված բանիմաց ձևով իրենց գործին տիրապետում են, կարծում եմ, հեռանկարում կարող ենք ունենալ կայուն, ռիթմիկ, գործող տնտեսություն, որը նաև ազգային արժույթի հիմքն է կազմում։
-Նշեցիք, որ Կենտրոնական բանկը քայլեր չի ձեռնարկում արժույթի կարգամավորման ուղղությամբ։ Ի՞նչ պետք է անի։
– Ճիշտ չի լինի ասել, որ ԿԲ-ն ոչինչ չի անում։ ԿԲ-ն վերջին տարիների ընթացքում հանդես չի գալիս, կամ չի փորձում գործել բնական թրենդների դեմ։ Նույնն այսօր է տեղի ունենում։ ԿԲ-ն միջանկյալ գործիքակազմ ունի և դա օգտագործվում է։ Շատ երկրներ այդ գործիքակազմին դիմում են, դա ձեզ հայտնի արտարժույթի վաճառքն է, որը կարող է կարճաժամկետ լուծում տալ՝ վերանգնել հավասարակշռությունը, զսպել տատանումները, բայց դրանք հեռանկարային առումով օգտակար չեն։
– Վերջին օրերին սննդամթերքի շուկայում գնաճ է արձանագրվել։ Դրամի արժեքն արդեն իսկ ազդել է ներկրվող ապրաքների գների վրա։ Արդյոք հնարավո՞ր է գնաճի շեմն ավելանա։
-Դրամի տատանումները որոշ չափով, իհարկե, ազդում են գների վրա, բայց ոչ ամբողջությամբ։ Եթե տնտեսվարողները հումք են ներկրում արտերկրից, որի դիմաց արտարժույթ են վճարում, բնականաբար, այս իրավիճակի դեպքում, ավելին են վճարում և դա ներառվում է գնի մեջ։ Իսկ, եթե հումքը տեղական է, կարծում եմ՝ այստեղ արհեստական կլինի գնաճը։
Գնաճի պատասխանատուն առաջին հերթին Կառավարությունն է, հետո ԿԲ-ն է։
ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությամբ փորձում է նպաստել գների կայունությանը։ Օրինակ, գյուղմթերքի շուկայում կտրում գնաճ է՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։ Եթե Կառավարության վերահսկողության գործառույթը չկա, ԿԲ-ն չի կարող որևէ ձև ազդել գների վրա։