Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր դադարեցրին հացադուլը։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր առավոտյան իրենց է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու հորդորել դադարեցնել հացադուլը։ Վեհափառն ասել է, որ պայքարի այլ ուղիներ ևս կան, և իրենք չեն կարողացել մերժել Վեհափառին․ 9-օրյա սովապահությունից հետո անցել են սովորական կյանքին։
Հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակելու պայքարը, Մանուկյանը պատասխանեց, որ դա կլինի ամենօրյա պայքար՝ վաղը հանրահավաք, մյուս օրը՝ փողոցային ակցիաներ։
«Վստահ եմ, որ այս պայքարը ղեկավարողները հազար տեսակ մեթոդներ են կիրառելու, այդ թվում՝ նաև ես շարունակելու եմ պայքարը իմ հրապարակային գործունեությամբ։ Այդ պայքարը բոլորինս է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով․
«Փողոցային պայքարի ժամանակ որդիս էլ էր բերման ենթարկվել ոստիկանատուն՝ իր շատ ընկերների հետ, ովքեր նոր էին առաջնագծից իջել ու շարունակել իրենց քաղաքական պայքարը»։
Մանուկյանն ասում է՝ մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում «կապիտուլացիոն, ստորացուցիչ, գաղտագողի հայտարարություն» ստորագրելուց հետո ո՞նց է կարողանում Փաշինյանը նստել այդ աթոռին, իսկ իր տիկինն այդքանից հետո, երբ իր ամուսինը պատասխանատու է այսքան զոհերի համար, թանկարժեք խմորեղեններով ճոխ սեղանը լցրած՝ անհետ կորածների ծնողներին է ընդունում և խոստումներ տալիս․․․ երբ իր ամուսինն ու իրենց իշխանությունն անմեղսունակ են և անկարող այդ հարցերը լուծել։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ու նրա համակուսակցական Գագիկ Ավետիսյանը նոյեմբերի 23-ից կառավարության շենքի մոտ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, նրանց էր միացել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը (նոյեմբերի 29-ին նա դադարեցրեց հացադուլը), Անահիտ Կիրակոսյանը` 2008-ին խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայրը, «Հայրենիք» կուսակցության անդամ Տիգրան Սուքիասյանը:
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր նոյեմբերի 10-ից հանրահավաքներ ու ցույցեր են անցկացնում Երևանում՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության: Նրանք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:
Արաքսյա Սնխչյան