Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլ չի տվել, որ գրավի դիմաց ազատ արձակված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բուժման նպատակով Գերմանիա մեկնի։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչու է դատարանը մերժել միջնորդությունը։
«Պատճառաբանում են, որ Հայաստանում էլ կարող է պատշաճ բժշկական օգնություն ստանալ։ Մոռանում ենք, որ հենց պետությունն էր Առողջապահության նախարարի մակարդակով կազմակերպել բժշկական ստուգումներ՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ։ Եվ հենց իրենք են արձանագրել, որ Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ կատարել»,- նկատեց պաշտպանը։
Ըստ Փաստաբանի՝ Գագիկ Խաչատրյանը չէր մասնակցում դատական նիստին, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս։
Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին, բայց այս տարի գրավի դիմաց ազատ է արձակվել։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար։ Այս գործով ներգրավված է նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: