Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Այս մասին են վկայում Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի տվյալները, որոնք ներկայացրել է ТАСС գործակալությունը:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 13-ին, որին մասնակցել է 18 և ավելի բարձր տարիքի 1600 մարդ:
Ռուսաստանցիների զանգվածային գիտակցության մեջ «Պայքար Ղարաբաղի համար» կլոր սեղանի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին հետևում է ռուսաստանցիների 72 տոկոսը, տարածաշրջանում իրադարձություններով ընդհանրապես չի հետաքրքրվում հարցվածների 26 տոկոսը:
Հարցին՝ ո՞վ է սրել հակամարտությունը, ռուսաստանցիների 33 տոկոսը պատախանել է՝ երկու կողմերը, 36 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ 5 տոկոսը համարում է, որ Հայաստանը, 12 տոկոսը՝ Ադրբեջանը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 5 տոկոսը՝ Թուրքիան:
ՀԿՀՀՌԿ ղեկավար Վալերի Ֆյոդորովի խոսքով, ռուսաստանցիները դրական են վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը չի դարձել պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցը:
Ռուսաստանցիների 41 տոկոսը կարծում է, որ կնքված խաղաղ համաձայնագրից հակամարտող երկու կողմերն էլ շահել են։ Հարցվածների 64 տոկոսի կարծիքով՝ խաղաղ համաձայնագիրը կնքելու գործում Ռուսաստանը եղել է հիմնական դերակատարը, իսկ 16 տոկոսի կարծիքով՝ երկրորդական:
Ռուսաստանցիների 39 տոկոսի կարծիքով՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կզարգանա, այլեւս պատերազմ չի լինի: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 10-րդը (12 տոկոսը) կանխատեսում է մոտակա ժամանակում ռազմական գործողությունների վերսկսում, 31 տոկոսը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ավելի ուշ: