Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրում է.
««Հրապարակ» օրաթերթի «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն»:
Ընստ Նիկողոսյանի՝ չնայած լուրը դեռ երեկ հերքվել էր իր կողմից, հոդվածում գրված է, թե իբր ինքը չի մեկնաբանել այն: Հոդվածի վերջում միայն նշված է, որ «առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին»:
««Հրապարակ» օրաթերթին կոչ ենք անում չարատավորել անձի բարի համբավը և չտարածել սուտ տեղեկություններ»,- գրել է ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ․Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, եւ մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի: Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում:
ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը եւս չմեկնաբանեց: «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակն ասաց, թե նշված անձը բարեխղճորեն գալիս է աշխատանքի, պարտաճանաչ կատարում իր ծառայողական պարտականությունները, համենայնդեպս, կոլեկտիվին «Տոտոյում» տանուլ տված գումարների մասին ոչինչ հայտնի չէ: