Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 9-ին հեռավար ձևաչափով զրուցել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։ Այս մասին նախարարը գրել է Facebook-ի էջում։
Նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:
Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նախարարը կարևորել է բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր:
Աննա Կարին-Օստն էլ իր հերթին ներկայացրել է համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն: