Թուրքիայից Հայաստան ապրանքի ներկրման արգելքը հաշված օրեր անց կմտնի ուժի մեջ: Ի՞նչ հարց է այսպիսով լուծում Հայաստանը, ի՞նչ ազդեցություն կունենա այդ արգելքը Թուրքիայի տնտեսության վրա և, ի վերջո, ինպե՞ս կլուծվի Հայաստանում ապրանքի դեֆիցիտի հարցը: Այս մասին Armenia Today-ը զրուցեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ:
«Ինչպե՞ս է իրականացվելու ապրանքի ներկրման արգելքը Հայաստան, արդյո՞ք թուրքական արտադրողները կամ մեր վերավաճառողները ինչ-որ կերպ չեն շրջանցելու օրենքը, ասենք՝ ապրանքի մակնշումը փոխելով ՀՀ ներկրելով:
Ինչքա՞ն պաշարներ են պատրաստելու ներկրողները… գուցե կես տարվա պաշար պատրաստեն… Եվ չեղարկվելո՞ւ է արդյոք այդ արգելքը 6 ամսից, թե՞ ոչ: Այսօրվա իշխանության մտադրությունն այն է, որ արգելքը չեղարկվի՛»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով.
«Մենք չենք կարող ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա, եթե նույնիսկ չենք ուզում դա անել: Եթե լիարժեք արգելք կիրառվեր, ապա որոշ ազդեցություն կլիներ իհարկե, թեև այդ ազդեցությունը համեստ կլիներ»:
Տնտեսագետն ասաց՝ Թուրքիայի ներկայիս անկայուն տնտեսական վիճակի վրա ազդելն ավելի հեշտ է, քանի որ անգամ ամենափոքր ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ նրա վրա: Գործոնն, այսպիսով, աշխատո՛ղ գործոն է: Չպետք է համարել, որ դա բոլորովին արդյունավետ չէ:
Ինչպես հասկացանք տնտեսագետի հետ զրույցից՝ հայ ներկրողները մինչև հունվարի մեկն արդեն բավարար, հնարավոր է՝ 6 ամսվա պաշար կկուտակեն՝ այսպիով նպաստելով, ոչ թե խանգարելով Թուրքիայի տնտեսական զարգացմանը: Մնացյալ հարցերը բաց են մնում, քանի որ իրավիճակը լիարժեք գնահատել անհնար է՝ տեղեկատվության բացակայությամբ կամ դրանց ուշացած լինելով պայմանավորված: Մնում է հուսալ, որ հարցն ուղղակի թղթին գրված չի մնա, հետևողականորեն կպահպանվի ու կլինի երկարատև:
Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքի Հայաստան ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից՝ ՀՀ կառավարության որոշմամբ:
Թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը Կառավարությունը հիմնավորել է պատերազմում Ադրբեջանին Թուրիքայի աջակցությամբ։
Արաքսյա Սնխչյան