ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով ավելի վաղ լքել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, պատասխանել է դաշինքի շարքերից դուրս եկող պատգամավորների հասցեին հնչած մեղադրանքներին:
Նշենք, որ ավելի վաղ «Իմ Քայլը» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ այն անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
- Թե ում և ինչ մանդատով եմ լինելու պատգամավոր, կարելի է պարզել՝ պարզապես այցելելով Սյունիք և սահմանամերձ դարձած 57 բնակավայրեր։ Երևանյան գրասենյակներում երևակայությանը զոռ տալով դա հազիվ թե հնարավոր լինի հասկանալ։
- Մանդատս վերցրել եմ օրեր առաջ, նախորդ տարիներին չեմ եղել պատգամավոր, չեմ հանդիսացել քաղաքական իշխանության մաս, չեմ մասնակցել որոշումների կայացմանը և այժմ էլ, վերցնելով մանդատը, չեմ կարող գտնվել մի քաղաքական թիմի ներսում, որի գործողությունները հանգեցրել են աղետալի հետևանքների։
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է իբրև ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ ժողովրդից թաքուն կնքած բանավոր գիշերային համաձայնություններին և GPS-ով Հայաստանի գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը, որոնք իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը նազանքով անվանում է «հայտնի իրադարձություններ»,-նշել է պատգամավորը։