Այսօր ԱԺ-ում ճեպազրույց տվեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Լրագրողները Մարուքյանից փորձեցին պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց նման դիրքորոշումը, արդյո՞ք մտավախություն ունեն, որ ընտրություններ լինելու պարագայում այնքան քվե չեն ստանա, որ կրկին հայտնվեն խորհրդարանում։ Այս առնչությամբ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ դա իշխանության օրակարգն է, իրենք չեն առաջարկել գնալ ընտրությունների, սակայն, միշտ պատրաստ են դրան։ Միաժամանակ, Մարուքյանը նշեց, թե վստահ է, որ ընտրություններից հետո նույնիսկ ճգնաժամը շարունակվելու է։
Մարուքյանն անդրադարձավ նաև պատերազմում մեր պարտությանը, նշելով, որ երբ այցելել են Արցախ և տեսել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ, անմիջապես վարչապետին կոչ են արել հնարավորինս արագ, բոլոր հնարավոր միջոցներով կանգնեցնել պատերազմը։ Իսկ այժմ ԼՀԿ-ն մտադիր է փաստահավաք խումբ ձևավորելու առաջարկ ներկայացնել, որը կհետաքննի նախապատերազմյան և պատերազմական շրջանի իրավիճակը, սակայն, ըստ նրա, իշխանությունն այս առնչությամբ «ցրողական» պատասխան է տվել։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին վերադարձնելու խնդրին, ապա Մարուքյանն ասաց, որ մեր դիվանագիտական կորպուսը պետք է անի հնարավորն ու անհնարինը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հանրության ճնշումն ուժեղացնելու համար։