Այսօր աղմուկ է բարձրացվում, թե Սյունիքից տարածքներ են զիջվել։ Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին։
Նա պարզաբանեց, որ Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010-ի ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։
Փաշինյանի խոսքով՝ այդ օրենքին կողմ է քվարեկել նաև ԲՀԿ-ն, որով արձանագրվել է՝ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։
«Այդ օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցություններն այսօր ընդդիմություն են: Իրենք են արձանագրել Սյունիքի տեսքը, որն այսօր կա։ Ես հասկանում եմ նաև, որ, ի վերջո, սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել է 1990 թվականից առաջ, որն արձանագրված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Բանակցություններով ՀՀ-ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրելու 2011 թվականին, և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը։ Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնեին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ադրբեջան նոր սահմանով Սյունիքի մարզից 11 տուն անցել է Ադրբեջանին։