Հանքարդյունաբերության ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից։
Հետազոտությունը ներառում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Վերլուծության են ենթարկվել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:
Իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը։
ՏՄՊՊՀ-ն եզրակացրել է, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրարժեք արտադրանք։ Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, իսկ երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1․23 տոկոս։
Ոչ մետաղական թույլտվությունների թիվը գրեթե 14 անգամ գերազանցում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների քանակը, սակայն ոլորտի տնտեսական նշանակությունը փոքր է։ Հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի ապահովում կայուն զարգացում։
Ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի հետ կապված։