Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը ծանոթացել է խորհրդի անդամների հետ՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները, զարգացման միտումները և տեսլականը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության հիմքն է: Կրթությունը և մշակույթը փոխկապակցված են. կրթությունը կտուժի, եթե դրա մեջ չկա մշակույթի բաղադրիչ և՝ հակառակը: ԿԳՄՍ նախարարության ոլորտները բազմաշերտ են, հետևաբար մեր գործունեությունն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
Այդ պատճառով հանրությունը վերահսկում մեր յուրաքանչյուր քայլ և բարեփոխում, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Մենք շահագրգիռ ենք լսել մեր ոլորտների և պետության զարգացմամբ մտահոգ ցանկացած քաղաքացու արդարացի և առողջ գնահատական: Այդ առումով հասարակական խորհուրդը լավագույն հարթակն է, քանի որ այստեղ ներկայացված են ԿԳՄՍ բոլոր ոլորտների ներկայացուցիչներ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, այն է՝ քննարկումների միջոցով հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի համապատասխան բարեփոխումներ իրականացվեն:
Նիստի օրակարգում ներառված էր «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ցանկացած փոփոխություն, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ի սկզբանե դատապարտված է անհաջողության, եթե հաշվի չի առնվում դրա կարևոր բաղադրիչը՝ մարդկային ռեսուրսը, այս դեպքում՝ ուսուցիչը»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ուսուցիչներին ուղղված նոր քաղաքականությունը: Ըստ բանախոսի՝ առկա հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու խրախուսման գործիքները, ուսուցչի մասնագիտության հեղինակությունն ու նոր մասնագետների մուտքը համակարգ, ուսուցչական կադրերի որակն ու մասնագիտական շարունակական զարգացումը, ինչպես նաև մանկավարժական նորարարությունն ու ստեղծարարությունը:
«Ընդհանուր առմամբ ուսուցիչների 40 տոկոսն ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի։ Սրա համեմատ՝ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը։ 60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին»,- այսպիսի փաստական տվյալներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այժմ հերթական ատեստավորման է ենթակա ուսուցչական համակազմի 56 տոկոսը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից միայն 2226-ն ունի առաջին, 122-ը՝ երկրորդ և 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ, ինչը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը:
Ժաննա Անդրեասյանը որպես առաջարկվող լուծումներ առանձնացրել է արդեն ներդրված մի շարք գործիքներ, այն է՝ ուսուցիչների գործուղման և տրանսպորտային ծառայությունների և ֆինանսավորման նոր կարգերը, «Տարվա լավագույններ» դրամաշնորհային ծրագրերի մրցույթը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը և այլն»,-մասնավորապես նշվել է հաղորդագրության մեջ։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև հերթական ատեստավորման գործընթացում, այն է՝ գործընթացի թվայնացում, վերապատրաստման իրականացում երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների միջոցով, ուսուցչի կողմից կրեդիտների ինքնուրույն հավաքագրման հնարավորություն, վերապատրաստման համակցված եղանակի հնարավորություն՝ առկա և հեռավար միջոցների համադրմամբ, վերապատրաստման ծրագիր և չափորոշիչ:
Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծին հավանություն տալու մասին: