Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊՆ նախկին նախարարի խորհրդական Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Դավիթ Գալստյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:
Կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը: