2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Այս մասին նշված է մի շարք հասարական կազմակերպությունների հայտարարության մեջ:
Հ/կ-ները, մասնավորապես, նշել են. «Նախ և առաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետության օրենքները (այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքը) չեն նախատեսում սահմանամերձ համայնքներում լրագրողների գործունեության որևէ սահմանափակում, իսկ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության սեպտեմբերի 27-ի որոշման այն դրույթները, որոնք նախատեսում են լրագրողների իրավունքների (խոսքի ազատության) սահմանափակումներ, 2020թ նոյեմբերի 20-ին կասեցվել են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև՝ դեկտեմբերի 2-ին, ուժը կորցրել են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանելով, որ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար: Նույնը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
Հետևապես, ՀՀ տարածքում լրագրողների մասնագիտական գործունեությունն օրինական է անկախ ԱԱԾ թույլտվության և դրա խոչընդոտումն արգելված է ինչպես «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Պայմանավորված Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ, լրագրողների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքով և ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայության կամայական որոշումներով կամ ցանկությամբ։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող հայտարարությունը: Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: Համարում ենք, որ «չեկիստական» գրաքննության այս գործելաոճը չի կարող արդյունավետ լինել ժողովրդավարական պետության ազգային անվտանգության տեսանկյունից:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին օր առաջ դադարեցնել հակասահմանադրական, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին հակասող և, միաժամանակ, ազգային անվտանգությանը վնասող՝ լրագրողների գործունեության ապօրինի խոչընդոտումը,
ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով վերջինիս հարգել սահմանադրական կարգի հիմունքները և քաղաքացիների տեղեկություններ ստանալու ազատության իրավունքը»: Հայտարարությունը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրավական հետազոտւոթյան և զարգացման կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: