Ցավոք սրտի, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն: Այս մասին 1.am-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրինակ բերելով Խծաբերդում մեր զինվորների գերեվարման հետ կապված մեկնաբանությունները՝ նա նշեց. «Ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»:
Հեռուստամեկնաբանի հարցին՝ ինչու են քշարունակում մեր՝ պայման չդնելու վարքագիծը և դիտարկմանը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետը չի բավարարվել, և մենք ոչ մի կետով չենք գնում՝ Փաշինյանն արձագանքեց. «Ամեն ինչ անել, որպեսզի պրգործընթացները չմտնեն փակուղի: Մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»:
Հարցին՝ իրական հնարավորություն կա՞՝ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Իհարկե կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է նա: