Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է , որ տեսնում է զարգացման երկու սցենար Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամից հետո։
Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների հակամարտության հետևանքով զոհեր չեն լինի։ Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները ստիպված են ընտրություն կատարել այն քաղաքական գործիչների շրջանում, որոնք իրենց մոտ նվազագույն մերժում են առաջացնում:
«Սա շատ վտանգավոր պահ է, երբ դու ընտրում ես ոչ թե դրական օրակարգով, այլ որովհետև միայն թե այս կամ այն մեկը չլինի։ Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են՝ առաջնորդներ ընտրել։ Բայց հարցն այն է, որ այլընտրանքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ զգան ու տեսնեն, որ կա ոչ միայն մի կողմ, այլև մեկ այլ կողմ»,- ասաց Վարդանյանը։
Գործարարի խոսքով ՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան։
«Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ այնքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5–2 մլն մարդ, ուր կուղարկեն նույն երկու մլրդ դոլար օգնությունը (արտասահմանում գտնվող հայկական սփյուռքից-РБК): Հաշվի առնելով այն, որ շատ մարդ է հեռացել, մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ մարդկանց հաշվով ավելի շատ փող է ստացվում: Դա կլինի այնպիսին, ես կասեի ՝ մի երկիր, որը նման է Աբխազիային»,- ենթադրեց Վարդանյանը։
Նման սցենարը Վարդանյանը «բացարձակ իրատեսական» է անվանել, քանի որ, նրա տվյալներով, 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը արդեն այս տարի, իսկ 200-300 հազարը մտածում են այդ մասին։ Հանրապետության բնակչությունն այժմ կազմում է 3 մլն մարդ։
«Այդ մարդիկ ոտքերով են քվեարկում։ Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այդ երկրում»,- կարծում է նա։
Վարդանյանի խոսքով ՝ նման սցենարի դեպքում երկրում Պասիվ մարդիկ կմնան։ Նրանք վատ են ապրելու,բայց ընդհանուր առմամբ գոհ են լինելու։ Նրա խոսքերով ՝ արտասահմանից եկող գումարներին մարդիկ վարժվում են, «դա որպես թմրանյութ է, որպես ժամանակավոր եկամուտ, միայն այստեղ ոչ թե պետությունն է քեզ տալիս, այլ քո հարազատները»:
Բայց հնարավոր է մեկ այլ սցենար, որի դեպքում Հայաստանը կդառնա պետության և հասարակության փոխգործակցության եզակի հաջողված օրինակ։ Սակայն Վարդանյանն ընդգծել է, որ այդ դեպքում, անհրաժեշտ է Սփյուռքի առավել ակտիվ մասնակցությունը երկրի կյանքում։
«Ոչ թե Մոսկվայից, Պիտերից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատել և ասել, թե որքան վատ է այստեղ։ Կամ ուղարկել մի փոքր գումար, և զգալ, որ իրենց խիղճը մաքուր է։ Արդյո՞ք նրանք պատրաստ են կանգնել, գալ։ Ընդ որում, գալ ոչ թե նախարարների պաշտոնին, այլ գալ գյուղ»,- հարցադրում արեց Վարդանյանը։
«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին։ Մենք չենք խոսում մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին, որոնք կգան Հայաստան և դրախտավայր կդարձնեն Հայաստանը։ Սա փոփոխություն է ամբողջ մոդելի մեջ, որ «տղերք, մենք այստեղ ինքներս գլուխ կհանենք, իսկ դուք մեզ մոտ երբեմն եկեք, տեսեք Արարատ լեռը, լացեք, խորոված կերեք և հետ գնացեք»,- նշեց նա։