Իշխանություններն ուզում էին հանրահավաքի միջոցով ուժ ցույց տալ, սակայն հերթական անգամ ցույց տվեցին իրենց թուլությունն ու անզորությունը: Տպավորություն էր, որ մենք ներկա ենք Բաքվում Ալիևի կազմակերպած հաղթական պարադին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում մարտիմեկյան հանրահավաքը մեկնաբանելիս ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հանրապետության հրապարակում մարդ հավաքելու համար այս իշխանություններն օգտագործել են վարչական աննախադեպ ռեսուրսներ:
Հանրահավաքի ժամանակ հնչեցրած Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փաշինյանական կոչին Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց.
«Նույն Փաշինյանը, որը կիսանախագահական համակարգը համարում էր ձախողված համակարգ և գտնում էր, 21-րդ դարում առավել ճկուն ու կենսունակ է խորհրդարանական համակարգը, հիմա փորձում է տարատեսակ մանիպուլիացիաներով պահել իր իշխանությունը:
Ցանկացած միջոցառում, կլինի դա հանրաքվե, թե ընտրություն, որն անցկացնելու է Նիկոլ Փաշինյանը, ի վերուստ լինելու է կեղծված: Միայն այն, ինչ կազմակերպեց Նիկոլն այս երկու օրերի ընթացքում, վկայում է մեկ բանի մասին. Փաշինյանն ի զորու չէ անցկացնել ոչ անկախ և ազատ հանաքվե, ոչ ազատ և անկախ ընտրություններ»:
Ստեղծված իրավիճակից ելք Զոհրաբյանը տեսնում է արտահերթ ընտրությունները, սակայն, դեմ է, որ տոտալ վարչական ռեսուրս կիրառող իշխանություններն անցկացնեն դրանք:
«Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ազատ և արդար որևէ գործընթացի կազմակերպիչ լինել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: