Այսօր Երևանում «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են «Ռոսատոմ» պետկորպորացիայից։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ողջույնի ուղերձ է հղել քննարկման մասնակիցներին և կազմակերպիչներին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Անկասկած, երկրի ատոմային ոլորտի զարգացման ելակետ է դարձել Հայկական ԱԷԿ-ը, որն այսօր ապահովում է ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ 2015 թ-ից Հայկական ԱԷԿ-ում իրագործվում է արդիականացման նախագիծը։ Արդեն կատարվել է աշխատանքների մեծ ծավալ։ Այժմ նախագիծը մտել է վճռական փուլ՝ իրականացվում են երկրորդ էներգաբլոկը շահագորժման հավելյալ ժամկետին նախապատրաստելու աշխատանքներ»։
Իսկ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ասել է. «2021թ-ի ընթացքում Հայկական ԱԷԿ-ում իրականացվելու են անվտանգության բարձրացմանն ուղղված հետևյալ աշխատանքները․ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում և ռեակտորի վթարային հովացման համակարգի արդիականացում։ Թրծաթողման տեխնոլոգիան թույլ կտա շուրջ 80-85 տոկոսով վերականգնել մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և ամբողջ աշխարհում համարվում է կայանների շահագործումը երկարաձգելու ամենաարդյունավետ ձև։ Այս պահին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում հաջողությամբ շահագործվում են թրծաթողումն անցած ВВЭР-440 բլոկները»։