ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։ Այս մասին հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
Նա նշել է, որ որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերին և կարգին, մեղադրյալի հետախուզմանը և Վերաքննիչ դատարանի լիազորություններին։
Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը: