Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի:
Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը եռակողմ համաձայնագրերի իրագործման կողմնակից է, և այժմ ջանքեր է գործադրում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,-ասել է Կրեմլի խոսնակը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:
«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են, մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել իրենց գրաված դիրքերում, մի շարք շրջաններ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ:
Հունվարի 11-ին Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը: Եռակողմ բանակցությունների արդյունքը դարձավ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին համաձայնագիր: