Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է կարողանան ապրել կողք կողքի։ Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի զարգացմանն ու համագործակցության հեռանկարներին նվիրված կոնֆերանսի ժամանակ։
«Ադրբեջանը բաց է համագործակցության համար, բաց է ընդհանուր ապագայի պլանավորման համար, որովհետև մենք հարևաններ ենք, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե` ոչ։ Մենք պետք է ապրենք կողք կողքի և մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի»,- հայտարարել է Ալիևը։
Զուգահեռաբար նա նշել է, որ դա հեշտ չէ։ «Կան էմոցիաներ, բայց քաղաքական գործիչների դերը նրանում է, որ պաշտպանեն քաղաքական օրակարգը և բացատրեն, որ միայն շփումների, փոխգործակցության միջոցով հնարավոր է ապահովել տարածաշրջանի զարգացումը, խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշել է Ալիևը։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ հույս ունի, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը սերտ կհամագործակցի Բաքվի հետ։
Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի քաղաքական կամքը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի հարավկովկասյան երեք երկրների միջև ազատ առևտրի իրականացմանը։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել Հայաստան, ինչպես դա եղել է Խորհրդային միության ժամանակ։ «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կա համագործակցության շատ մեծ պոտենցիալ, օրինակ, էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը կարող է դառնալ դեպի Հայաստան էներգակիրների մատակարար։ Դա հնարավոր է և դա եղել է Խորհրդային միության ժամանակ»,- նշել է Ալիևը։