Այսօր Կառավարության նիստի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր ազատման մասին որոշումը մեկնաբանեց այսպես․
«Եթե նկատել եք, պետական պաշտոնը մի այդպիսի բնավորություն ունի․ մի օր նշանակել են, մի օր էլ կարող են ազատել։ Այո, ես եմ ազատման դիմում ներկայացրել՝ դեռևս մայիսի 10-ին։
Եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ կադրային քաղաքականության հետ կապված։ Ինձ իմ վերադասն առաջարկել է տվյալ նշանակման հետ կապված մի բան, որն անընդունելի է եղել, և ես ընդամենը պահել եմ իմ սկզբունքը»,- ասաց նախկին մարզպետը՝ հստակեցնելով, որ վերադաս ասելով նկատի ունի նաև ՏԿԵՆ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին։
Մեսրոպյանն ասաց, որ նախընտրական շրջանով պայմանավորված ավելորդ քաղաքական շահարկումից խուսափելու համար հետաքրքրող հարցերին կպատասխանի ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում հաստատվել են Կոտայքի գործող մարզպետի ազատման և նոր մարզպետի՝ Ահարոն Սահակյանի նշանակման որոշումները։