«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն ամեն ինչ անում է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետևաբար, ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել»: Ի դեպ, իշխանությունը զղջացել է և Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաև այդ հարցում փնտրտուքների մեջ է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Նիկոլ Փաշինյանը բավականին լարված հարաբերությունների մեջ են:
Պարզվում է` Փաշինյանն ու Մարությանը կիրակի օրը` երեկոյան, հանդիպել են: Ըստ մեր աղբյուրի` Մարությանի և Փաշինյանի հանդիպման նպատակը եղել է հաշտության եզրեր գտնելը, սակայն հանդիպման ընթացքում կրքերը թեժացել են, բանը հասել է նրան, որ Փաշինյանն ապտակել է Հայկ Մարությանին, իսկ ահա Մարությանն անվայել խոսքեր է ասել Փաշինյանին: Մեր աղբյուրը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Մարությանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս արագ հեռանա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել և չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաև նրան պահել բռի մեջ և ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։ Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագրի ժամկետը, եւ վերջինիս զինվորական ընկերները սպասում են ՊՆ-ի որոշմանը, թե նրա հետ նախարարությունը նոր պայմանագիր կկնքի, որպեսզի շարունակի ծառայությունը բանակում, թե՝ ոչ: Խաչատուրովի զինվորական ընկերները մտահոգված են՝ եթե ՊՆ-ն նրա հետ նոր պայմանագիր չկնքի, ապա բանակը լուրջ զինվորականի կկորցնի: Անձամբ Խաչատուրովն իր մտերիմ մարդկանց ասել է, որ ո՛չ տարիքային, ո՛չ էլ այլ խնդիր չունի և պատրաստ է շարունակել ծառայությունը, իսկ մնացածն էլ իր որոշելիքը չէ, այլ ՊՆ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պետք է որոշում կայացնի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։
Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և պայմանագրի պատճենը»։