Կառավարության հուլիսի 22-ի նիստին Բյուջեի 2021 թվականի ՏԿԵՆ ծախսերին այդ նախարարությունը խնդրեց ավելացնել ևս 8,9 միլիոն դրամ հատկացում: Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծով ծրագրվում է հիմնանորոգել 50,7 կմ ճանապարհ: Նա նաև ավելացրեց, որ նախարարությանը հատկացված 33 միլիարդ դրամից 3-ը 2020 թվականի ծրագրերի համար են տրամադրվել, իսկ մնացած 30 միլիարդի մասով համապատասխան պայմանագրեր են ստորագրված:
Նախագիծը հաստատելու առաջարկին ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը «Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի- Իրանի սահման» միջպետական ճանապարհի որոշ հատվածների նորոգման մասին է:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումների համաձայն` առաջիկա հինգ տարիներին հանրապետությունում պետք է կառուցվի 2600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց և 15 ջրամբար: Այսօր արդեն շինարարական կազմակերպությունների կարողությունների բացակայությունն ակնհայտ է: Միջազգային գործընկերների ուշադրությունը կուղղվի այս խնդրին: Փաշինյանը սփյուռքի շինարարական կազմակերպություններին հրավիրեց մասնակցելու այս մասշտաբային ծրագրին՝ հույս հայտնելով, որ այդ կազմակերպությունները նույնպես կներմուծեն նոր շինարարական ստանդարտներ և աշխատանքի որակի նոր կազմակերպում: