«Բաքվի հռչակագրի» ստորագրմամբ այսօր ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփն ու Պակիստանի Ազգային Ասամբլեայի նախագահ Ասադ Կայսերը։
Գաֆարովան իր խոսքում նշել է, որ «Բաքվի հռչակագիրը» մեծ ներդրում կունենա երեք երկրների միջև ռազմավարական կապերի ամրպնդման գործում։ Շենթոփի կարծիքով էլ՝ փաստաթուղթը ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Կայսերն իր հերթին ասել է, որ եռակողմ ձևաչափի շրջանակում պարբերաբար հանդիպումներ կանցկացվեն՝ համագործակցության առանցքային հարցերի քննարկման համար։
Հատկանշական է, որ պաշտոնական Իսլամաբադը բազմիցս բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին և Թուրքիային իրենց հակահայկական քաղաքականության մեջ: Անցյալ տարվա Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Պակիստանի կառավարությունը հայտարարեց, որ «ամբողջությամբ աջակցում է եղբայրական Ադրբեջանին»: Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունից հետո Պակիստանը սատարեց Թուրքիայի դիրքորոշմանը:
Բացի այդ, Պակիստանը պատրաստակամություն հայտնեց մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների ականազերծմանը:
Մի խոսքով, մենք ականատես ենք լինում ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորմանը ՝ շատ ագրեսիվ, հեռահար ծրագրերով:
Նշենք, որ հռչակագրի տեքստը դեռևս չի հրապարակվել