ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերման գործունեության գովազդի կարգավորումները կհամապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:
Նախագիծը դժգոհություն է (ներկայացված է հանրային քննարկման ամփոփաթերթում) առաջացրել գովազդային մեդիա ոլորտում՝ որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն մեր հաշվարկներով (կցվում է) այն կազմում է 20%-25%։