Այսօր ԲԴԽ-ն սկսել է բավական արդարացի ու թափանցիկ քննություններ իրականացնել։ Այսօր՝ այս փուլում, արդար են դատում դատավորներին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատավորների կարգապահական վարույթների գործընթացին։ Նա շեշտեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել։
«Կարծում եմ՝ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են։ Մենք հիմա քննարկում ենք, որ ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար ու լավ մոդելը։ Իսկ այն, որ դատական համակարգը նման ֆիլտրացիայի, մաքրման կարիք ունի, այդ մասին բոլորն են ասում»,- ասաց նա։
Նա Մարտի 1-ի գործերին վերաբերող մի վիճակագրության մասին հայտարարեց․ «Մարտի 1-ի գործով դատավարություններ իրականացրած 24 դատավորից համակարգում ընդամենը 12-ն է մնացել։ Տարօրինակ զտում է տեղի ունեցել այն դատավորների շրջանում, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել Մարտի 1-ի գործերով։ Ինչո՞ւ կասկածելի, որովհետև ՄԻԵԴ-ի որոշումներով այդ վճիռները անարդար էին»։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներն անդրադարձան երեկ ԱԺ-ում լրագրողներին օթյակից հեռացնելու դեպքին, լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը։
«Երբ ես ասում եմ՝ լրագրողների դիմակի տակ կարող է ահաբեկիչ թափանցել, ես չեմ ասում՝ լրագրողների մեջ ահաբեկիչներ կան, այլ նույնիսկ մեկ ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ։ Շատ քննարկվեց լուսանկարահանման ու տեսանկարահանման արգելքը։ Ընդհանուր առմամբ, մենք բոլորս ուզում ենք, որ յուրաքանչյուր պետական աշխատանք ուղիղ եթերով լուսաբանվի։ Բայց կա կանոն, ըստ որի՝ անվտանգության աշխատողների դեմքերը չի կարելի լուսանկարել։ Մենք միգուցե կարող ենք այդ կանոնի տրամաբանությամբ գտնել այլ լուծումներ՝ անվտանգության աշխատակիցների դեմքերը չնկարելու առումով։ Եթե մեր բոլոր լրագրողները էթիկայի կանոններ ու օրենքներ պահող լինեին, մենք այլ իրավիճակ կունենայինք։ Կարող էր ձայնագրությունը չանջատվել, քանի որ վստահ կլինեինք, որ անվտանգության աշխատողների դեմքերը կփակվեին»,- մասնավորապես նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը, ԱԺ-ում ստեղծված լարված մթնոլորտը հաշվի առնելով, ԱԺ նիստի ուղիղ եթերն անջատելու հրահանգ տվեց։