Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլին», որը տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում։ Այս մասին ասված է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) և France Televisions-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մրցույթին կմասնակցեն 19 երկրների ներկայացուցիչներ:
«Ուրախ ենք ողջունել 19 երկրների 19-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում, հատկապես նրանց, ովքեր համաճարակի պատճառով չեն կարողացել մասնակցել նախորդ տարվա շոուին: France Télévisions-ի նախապատրաստումը մինչ օրս օրինակելի է եղել, և այս տարվա մրցույթը խոստանում է լինել լավագույնը: Մենք անհամբերությամբ սպասում ենք երիտասարդ տաղանդներին ամբողջ Եվրոպայից ընդունելու հնարավորությանը՝ իսկապես կախարդական միջոցառում՝ բազմաթիվ անակնկալներով», -ասել է «Մանկական Եվրատեսիլի» գործադիր սուպերվայզեր Մարտին Էսթերդալը։
France Télévisions գովազդի և զվարճանքի բաժնի տնօրեն Ալեքսանդրա Ռեդդե-Ամիելը հավելել է, որ ֆրանսիական պատվիրակությունը EBU-ի հետ սերտ համագործակցությամբ ուրախ կլինի Ֆրանսիայում ողջունել մանկական երգի փառատոնի բոլոր մասնակիցներին:
«France TV-ն անհամբերությամբ սպասում է այդ փոքրիկ եվրոպացի երգիչներին Սուրբ Ծննդյան սեզոնին լույսի քաղաքում ողջունելու հնարավորությանը։ Այս յուրահատուկ ընտանեկան միջոցառումն իսկական տոն կդառնա բոլորի համար՝ փոքրից մինչև մեծ»,- ասել է նա։